Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվ Նալբանդյանը գնաց Մոսկվա՝ Լավրովի պլանի հետևից

Եվ Նալբանդյանը գնաց Մոսկվա՝ Լավրովի պլանի հետևից
23.02.2017 | 12:24

Փետրվարի 22-ին պաշտոնական այցով Մոսկվա մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման պատրվակները շատ էին՝ Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, Նալբանդյանը նշեց, որ պաշտոնական այցը խորհրդանշական է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում, նաև կարևոր է՝ ՀՀ նախագահի՝ ՌԴ պաշտոնական այցից առաջ է։


Երկկողմ հանդիպմանը հաջորդեց երկու նախարարների ասուլիսը: mfa.am կայքի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ամփոփելով հանդիպման արդյունքները՝ անդրադարձել է «ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»: Նալբանդանն ասել է. «Պարոն Լավրովի հետ մենք համակարծիք էինք, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է և վնաս է հասցնում խաղաղ գործընթացին: Մեր կողմից կրկին ընդգծվեց 1994-1995 թթ. զինադադարի վերաբերյալ անժամկետ եռակողմ համաձայնագրերը պահպանելու կարևորությունը: Շեշտվեց նախորդ տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Ցանկանում եմ շեշտել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ներդրումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»:
mid.ru կայքի փոխանցմամբ՝ ասուլիսի առաջին հարցը ևս վերաբերել է Արցախի Հանրապետությանը: Մինչ այդ, ամփոփելով ասուլիսը, Սերգեյ Լավրովը հարցի առնչությամբ ասել էր. «Մտքեր փոխանակեցինք Անդրկովկասում իրավիճակի մասին, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկա վիճակը: Ռուսաստանը կողմ է, որ շարունակվեն որոնումները այդ կոնֆլիկտի փոխընդունելի հանգուցալուծման՝ լիովին համապատասխան այն փաստաթղթերին, որ վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների ղեկավարների ու համանախագահների մասնակցությամբ: Ես համոզված եմ, որ բանակցությունները կնպաստեն մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»:


Նրան հայկական կողմից հարցրին՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը արգելակվել է: Մեզ համար ակնհայտ է, որ արգելակումը պայմանավորված է ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշմամբ՝ նրանք նախընտրում են մեղադրել բանակցողներին: Մասնավորապես՝ նրանք անգործության մեջ են մեղադրում ԵԱՀԿ Մինսկի խմբին և ջանում են փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում են տեղափոխել խորհրդարանական մակարդակներ: Ի՞նչ եք կարծում՝ ձևաչափի փոփոխությունը կարո՞ղ է նպաստել խնդրի լուծման արագացմանը»: Սերգեյ Լավրովը պատասխանեց. «Եթե մենք իրոք հակված ենք համընդհանուր ընդունելի որոշումների որոնման սկզբունքային պայմանավորվածությունների, իմ խորին համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքի ներկա ձևաչափն այլընտրանք չունի: Դրա օգտին քանիցս արտահայտվել են Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները այն փաստաթղթերում, որոնց տակ նրանց ստորագրություններն են, կամ համատեղ են ընդունել: Համանախագահների եռյակի առաջատար դերի պահպանության օգտին քանիցս հանդես են եկել և ԵԱՀԿ բոլոր անդամները: Համանախագահներն անգործության չեն մատնված, ես չեմ կարող այդպես որակել այն, ինչ հիմա կատարվում է եռյակի շրջամակներում: Եռակողմ փաստաթղթերում, որ կանոնավոր տարածվել են իբրև ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթեր, համանախագահներն աջակցել են բանակցային գործընթացի ակտիվացմանն ու արագացմանը: Վերջին փաստաթղթում, որ ընդունվեց Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով կոնֆերանսի շրջանակներում, շատ հստակ ընդգծված է այս կամ այն իրավիճակներում ուժի գործադրման անթույլատրելիությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, ռազմական հռետորաբանության անթույլատրելիությունը և պայմանավորվածությունների լիակատար իրականացման անհրաժեշտությունը, որ ձեռք են բերվել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այդ փաստաթղթերը բաց են և բացարձակ միանշանակ խոսում են այդ ձևաչափով աշխատելու անհրաժեշտության մասին՝ այն սկզբունքների հունով, որ կողմերը համաձայնեցրել են համանախագահների աջակցությամբ»:


Երկրորդ հարցը ևս Արցախին էր վերաբերում՝ «Ինչպե՞ս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում կենսագործել այստեղ հնչած պայմանավորվածությունները, եթե Ադրբեջանը փաստացի հրաժարվում է պահպանել: Մեկնաբանեք, եթե կարելի է, ԵԱՀԿ Երևանի գրասենյակը փակելու Ադրբեջանի փորձերը»: Ի պատասխան հնչեց. «Մենք անտարբեր չենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ճակատագրի վերաբերյալ ԵԱՀԿ-ում տեղի ունեցող քննարկումներին: Մենք միշտ աջակցել ենք սկզբունքը, որ երկրներում գրասենյակները բացվում են ԵԱՀԿ անդամ պետության ցանկությամբ: Տվյալ դեպքում՝ մենք անտարբեր չենք, որովհետև այդ գրասենյակը ղեկավարում է ՌԴ քաղաքացին: Իհարկե, այս կամ այն երկրում գործող գրասենյակների իրականացրած կոնկրետ ծրագրերը պետք է համապատասխանեն ԵԱՀԿ սկզբունքներին և չպետք է հարուցեն ինչ-որ կասկածներ, որ հենց այդպես է: Տվյալ դեպքում մեր ադրբեջանցի գործընկերները այս հարցում կասկածներ ունեն: Սկզբում գերմանական նախագահությունը, այս տարի արդեն ավստրիականը ակտիվ զբաղվել են այդ հարցերը հանելով: Ինձ թվում է՝ Ավստրիայի վերջին առաջարկները լուծում են բոլոր պրոբլեմները: Հույս ունեմ, որ այդ հարցին մոտ ժամանակներս կվերադառնանք և այդ առաջարկները կօգնեն հաղթահարել ԵԱՀԿ-ի համար ոչ այնքան լավ իրավիճակը:
Ինչպես են համանախագահները ծրագրում կենսագործել եղած պայմանավորվածություննե՞րը, համանախագահներն այլ ելք չունեն՝ բացի քաղաքական-դիվանագիտականը: Մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ մենք շարունակելու ենք ակտիվ քայլերը, որ թույլ են տալիս ստեղծել օպտիմալ պայմաններ կառուցողական բանակցություններ անցկացնելու համար, որ կլիցքաթափեին ոչ ամենալավ, հուզական մթնոլորտը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ, և բանակցությունների սեղանի շուրջ քննարկել կոնկրետ այն առաջարկները, որ արել է ռուսական կողմը, և որոնց ակտիվորեն աջակցում են ամերիկյան ու ֆրանսիական համանախագահությունները»:


Ահա այսպես՝ մարմին է առնում Լավրովի պլանը, որին խանգարում է «հուզական մթնոլորտը», որ ՌԴ ԱԳ նախարարը կփորձի մեղմել նաև առաջիկայում ընդունելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին՝ պաշտոնական այցով: Հուսանք, որ «հուզական մթնոլորտը» չի ցրվի Բաքվի բանակցային սուբստանցիոնալ սկզբունքի ընդունմամբ, որ պահանջում է ամեն ինչ հիմա և ամբողջությամբ և չի խոստանում ոչինչ՝ ոչ հիմա, ոչ հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես ԱԳ նախարարի պաշտոնական այցը ՌԴ անցել է բարձր մակարդակով՝ պարգևատրումներ, ճաշ և ցուցահանդես, տարածաշրջանային այլ հարցերի քննարկումներ: Տագնապելու հարկ չկա: Ոչ առաջին այցն է, ոչ վերջինը, դեռ Նալբանդյանի հրավերով Լավրովը պիտի Հայաստան գա: Դիվանագիտական-քաղաքական բարձրամակարդակ բանակցությունները չեն կանխում շփման գծի կրակոցները և դեռ չեն հասել այն գիտակցությանը, որ երբ որոշվում են ժողովուրդների ճակատագրերը, նաև ժողովուրդը պիտի մասնակցի:

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ